Նա դուրս եկավ իր սեփական
տան բակից և դանդաղ շարժվեց դեպի կանգառ։
Երբ Աշխեն տատիի երթուղային տաքսին
կանգնեց անգամ օգնություն խնդրելու
կարիք չեղավ, վարորդը և նրա կողքին նստած
գունատ երիտասարդը Աշխեն տատիին օգնեցին
բարձրանալ։
Մարդիք խոսում էին։
Աղվեսակերպ, գալարվող սանրվածքով տիկինը
պնդում էր, որ վարորդներն են մեղավոր ու
պետք է դադարեն քշել, ինչին ձեռքերը դոշի
վրա խաչած պարոնը, ի դեպ նրա ձեռքերը
այնքան մեծ էին կարծես փոկի լաստեր լինեին,
պատասխանեց, որ վարորդներն էլ են մարդ,
պետք է գումար վաստակեն։ Վարորդը այս
ամենը լսում էր, բայց անվրդով շարունակում
էր ծխել իր Ախթամարը՝ հասկալով, որ վաղը
կարող է անգամ դրա գնելու փողը չունենա։
Աշխեն տատին ժպտում էր, նա գիտեր, որ 150
դրամ է տալու, ախր ո՞նց չտա, չէ որ իրեն
օգնեցին։
Երբ Օպերայի կանգառում
վարորդը և գունատ երիտասարդը Աշխեն տատիին
իջեցրին նա ուզեց վարորդին փոխանցել 150
դրամը չնայած, որ նույնիսկ 100 դրամը նրա
բյուջեի համար լուրջ հարված էր, վարորդը
գլուխը կախեց ու շշնջաց «Մայրիկ ջան էտ
փողը քեզ պահի, մեկա սրանց պտի տամ» ու
հեռացավ։
Օպերայի կանգառում
ակտիվիստները ինչ-որ բաներ էին վանկարկում,
իսկ որտեղ կան ակտիվիստներ կան նաև ովքե՞ր։
Այո ոստիկաններ։ Այո, այո նրանք այստեղ
Էին։ Մեր պաշտպանները նորից եկել էին մեզ
փրկելու, ողջ գլուխկոտրուկը կայանում էր
նրանում, թե ինչի՞ց էին նրանք մեզ փրկում։
Աշխեն տատին հայտնվելով
այս ամբոխի մեջ ինքն էլ չհասկացավ, թե
ինչպես իր ձեռքերում հայտնվեց «150 դրամ
չեմ վճարելու» պաստառը։ Նա ծեր կին էր,
բայց ամեն ինչ լավ հասկանում էր։ Հասակնում
էր ինչի համար են պայքարում ակտիվիստները,
հասկանում էր ինչ են անում ոստիկանները,
հասկանում էր ով է կանգնած թանկացումների
ետևում և հասկանում էր նաև մեկ բան որը
թերևս ոչ բոլորն էին հասկանում, իսկ
միգուցէ չէր հասկանում, բայց ուզում էր
հավատար, հավատում էր... հավատում էր, որ
ոստիկաններն էլ են մարդ։
Հանկարծ ոստիկանների
ամբոխի մեջ Աշխեն տատին մի դեմք նկատեց,
նկատեց ու այնպես անմիջական ու ժպիտով
դիմեց կարծես նրա ձեռքում այդ պաստառը
չկար... «Վարդան, Վարդան ջան», ակտիվիստներին
հրմշտող ոստիկանը նայեց և ետ շրջվեց,
Աշխեն տատին նորից նրան դիմեց «Վայ։
Վարդան ջան ինձ չե՞ս հիշում, Հակոբիս հետ
ինչքան էիք գալիս մեր տուն, ինչքան էիք
մեր տանը խաղում ազիզ ջան»։ Չէ՞ր հիշում։
Ո՞վ ասաց։ Նա առաջին իսկ հայացքից Աշխեն
տոտային հիշեց, իհարկե հիշում էր ոնց էին
Հակոբի հետ ֆուտբոլից հետո Հակոբենց տուն
գնում, մի մի հատ հաց պանիր վերցնում ու
ամբախ զամբախ Մարադոննայից ու հայաթի
աղջիկներից խոսում։ Վարդանը ամաչում էր
շրջվել, իսկ Աշխեն տատին դա էլ հասկացավ
ու Վարդանին հանգիստ թողեց։
Վարդանը ամբողջ օրը
չշրջվեց, նա գիտեր, որ Աշխեն տատին այդքան
կանգառում չէր մնա և վաղուց լքել էր
կանգառը, բայց միևնույն է վախենում էր
շրջվել, երբ հերթափոխը եկավ նա այդպես էլ
առանց շրջվելու գնաց տուն։
Տանը Վարդանին սպասում
էին գոհունակություն արտացոլող կինը՝
վերջապես իր ուզած կոշիկներն էր գնել,
փորացավոց երեխան և Ջեկի անունով մի
խղճուկ շուն որը աշխարհում թերևս միակ
արարածն էր, որ շարունակում էր Վարդանի
մեջ մարդ տեսնել, ոչ թե ոստիկան կամ փողի
քսակ։ Տաղտկալի երեկոյից հետո ընտանիքը
գնաց քնելու, բայց գիշերն անուշ չէր։
Վարդանը երազում տեսնում էր իրնեց ֆուտբոլի
դաշտը ու Հակոբին, որը գոռում էր «Վռդո
գոլ արա», Վռդոն այդ օրը վռո-մեջ էր։ Ու
նորից այդ ձայնը «Վռդո գոլ արա։ Վռդո,
Վռդո, գոլ, գոլ»։ Վարդանը արթնացավ ու
միայն մի բան ասաց «Մամ ջան» ու սկսեց լաց
լինել։ Շատ էր լացում, ուզում էր Հակոբի
հետ նորից գող-միլիցա խաղար, հետո մտներ
Աշխեն տոտայենց տանը մի հատ հաց պանիր
ուտեր ու վազեր իրանց տուն, պապին հըլը
քնած չէր... նարդի կխաղաին։ Բայց այդ ամենը
չկար, տեղը ևս մեկ պոռթկում «Մամ ջան, մոտդ
եմ ուզում» և արցունքներ։
Իսկ Վարդանի կողքին
հանգիստ քնած էր նրա կինը, նրա դեմքին դեռ
նշմարվում էր այն՝ կոշիկներից բխող
գոհունակ ժպիտը։

1 comment:
lavn er, nuynisk laceci...
Post a Comment